Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հայաստան. Արարատի ոգին»

«Հայաստան. Արարատի ոգին»
15.03.2016 | 11:50

Հայ-հունական մշակութային համագործակցության շրջանակում երեկ Աթենքի «Բյուզանդական և քրիստոնեական արվեստի» թանգարանում բացվեց «Հայաստան. Արարատի ոգին» քաղաքակրթական ցուցահանդեսը, որին ներկա էին Հայաստանի և Հունաստանի նախագահները, մշակույթի նախարարները, այլ պաշտոնատար անձինք:
«Քաղաքակրթական ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը: Բոլորովին վերջերս նման մեծածավալ ցուցահանդես բացվեց նաև Մոսկվայի պատմության թանգարանում՝ «Հայաստան. լինելության լեգենդներ» խորագրով: Ներառված էին Հայաստանի պատմության թանգարանի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցանմուշները»,- մեզ հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ, նշելով, որ Աթենքում բացված ցուցահանդեսը մի փոքր այլ ուղղվածություն ունի: Հիմնականում ցուցադրվում են քրիստոնեական շրջանի հայկական մշակույթի ցուցանմուշներ, որոշակի հատված կա նաև բրոնզեդարյան մշակույթից: Ցուցահանդեսի տարածքը 260 քառակուսի մետր է: Ներկայացված է 104 առարկա: Թե՛ Աթենքի, թե՛ Մոսկվայի ցուցահանդեսներում առանձին բաժին նվիրված է Ցեղասպանությանը. ներկայացված են տարագիր գերդաստանների թեմատիկան և «Մշակութային ցեղասպանություն» ենթաբաժինը, որտեղ ներառված ցուցանմուշներն ու լուսանկարները պատմում են, թե ինչպիսի մշակութային ժառանգություն ենք ունեցել, ինչպիսին է պատկերն այսօր, ինչն է ոչնչացվել:


Հաջորդ քաղաքակրթական ցուցահանդեսը նախատեսվում է Ռումինիայում: Ներկայացվելու են ոչ միայն Հայաստանից բերված, այլև հայկական մշակույթը ներկայացնող ցուցանմուշներ, որոնք նախատեսվում է փոխտվության կարգով վերցնել Վիեննայի, Իտալիայի, Ռումինիայի թանգարաններից:
Հետաքրքրվեցի՝ տեղափոխելիս ցուցանմուշները չե՞ն վնասվում: Սվետլանա Սահակյանը վստահեցրեց, որ մինչ այդ ցուցանմուշներն անցնում են համապատասխան ապահովագրություն, տեղափոխվում են հատուկ ռեժիմով, փաթեթավորվում համապատասխան արկղերի մեջ: Տեղափոխումն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները, որոնք թանգարանային ցուցանմուշների հետ աշխատելու փորձ ունեն:


«Քաղաքակրթական ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն հասարակայնության, այլև մասնագիտական շրջանակներում՝ արվեստագետներ, պատմաբաններ, հնագետներ»,- տեղեկացրեց վարչության պետը, նշելով նաև, որ Մոսկվայի պատմության թանգարանում 70 տարի առաջ է բացվել նման ցուցահանդես:
Ցուցահանդեսներն ուղեկցվում են պատկերագրքերի կամ կատալոգների հրատարակությամբ: Աթենքում բացված ցուցահանդեսի կապակցությամբ տպագրվել է պատկերագիրք, նաև ցուցահանդեսի մասին պատմող տեղեկատվական նյութեր (հունարեն ու անգլերեն):
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ քաղաքակրթական մեծածավալ ցուցահանդես է անցկացվել նաև 2015-ին՝ Հռոմի Վիտորիանո թանգարանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ